Պակիստանի հյուսիս-արեւմուտքում մահապարտ-ահաբեկչի մոտոցիկլով կատարած հարձակմանը զոհ են գնացել առնվազն 48 հոգի: Եւս մոտ 8 մարդ վիրավորվել է:

Պայթյունը որոտացել է Յաքքա-Գանդ բնակավայրում, Մոհնադ ցեղաշրջանում՝ Աֆղանստանի սահմանին: Ահաբեկչի թիրախը տեղական վարչակազմի ղեկավարի գրասենյակն է եղել: Քաղաքապետարանի շենքի մոտ այդ պահին ընթացել է հաշմանդամների սայլակների բաշխումը: Հերթում մի քանի հարյուր մարդ էին կանգնած:

Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, մահապարտը փորձել է մոտոցիկլով մոտենալ  քաղաքապետարանին: Սակայն նրան կանգնեցրել են, եւ նա գործի է դրել պայթուցիկ սարքը: Ահաբեկչության արդյունքում քաղաքապետարանի շենքը եւ մոտ 80 խանութ բառացիորեն քարուքանդ են եղել: Բացի այդ, պայթյունը վնասել է տեղական բանտի շենքը, իսկ հրապարակում խուճապ է սկսվել: Օգտվելով դրանից՝ մոտ 30 քրեականներ փախուստի են դիմել:

Որոշ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Սպանվածների մեջ շատ են կանայք եւ երեխաները: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:

Մոհնադը մտնում է այսպես կոչված Ցեղերի գոտու մեջ, որը կառավարում են առաջնորդներն ու ավագանին: Համարվում է, որ Ցեղերի գոտում թաքնվում են «Ալ-Ղաիդայի» եւ «Թալիբանի» շատ ներկայացուցիչներ: Պակիստանյան բանակը ներկայումս այդ տարածքում հարձակման է անցել: