Չինաստանից Հայաստան մանկական սնունդ չի ներկրվում, ինչպես որ չի ներկրվում բացարձակապես ոչ մի տեսակի սննդամթերք. այդ հարցը շատ խիստ է դրված։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը՝ խոսելով Չինաստանում հայտնաբերված, մելամինի թույլատրելի չափաբաժինն ավելի քան 500 անգամ գերազանցող մանկական սնունդի մասին։
Նրա խոսքով, Չինաստանից ցանկացած տեսակի սննդամթերքի Հայաստան ներկրման արգելքը պայմանավորված է այդ երկրում առկա համաճարակային իրավիճակներով։ «Մենք արգելել ենք կենդանական ծագման մթերքների ներկրումը, որովհետեւ Չինաստանում համաճարակների բռնկման վտանգը շատ մեծ է, իրավիճակը՝ անկայուն»,- նշեց Բաղյանը։
Գյուղատնտեսության նախարարության սննդային անվտանգության տեսչության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսան Ալեքսանյանն էլ իր հերթին ավելացրեց, որ մանկական սնունդ Հայաստանը ներկրում է Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Շվեյցարիայից եւ Ավստրիայից։ Հարցին, թե բոլոր այդ երկրներից ներմուծվող մանկական սննդի տեսակները որքանո՞վ են համապատասխանում միջազգային չափանիշներին եւ ի՞նչ հաճախականությամբ են փորձաքննություն անցնում, Ալեքսանյանը նկատեց, որ ստուգումներն իրականացվում են սննդային անվտանգության տեսչության համապատասխան լաբորատորիաներում։ «Մանկական սնդդի վերջին խմբաքանակը հանրապետություն է ներկրվել հունիսի 7-ին՝ Գերմանիայից, ընդ որում՝ արտակարգ որակի»,- հավաստիացրեց սննդային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետը։
Նշենք, որ Չինաստանում կրկին մելամինի մեծ պարունակությամբ մանկական սնունդ է հայտնաբերվել։ Սա 2008-ից ի վեր երրորդ «մելամինային սկանդալն է» այդ երկրում։



























