Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատաքննությունն ավարտվեց։ Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հանդես եկան պաշտպանական ճառերով եւ վերջին խոսքով։

Գործով ամբաստանյալ, «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ իրեն «աբսուրդ» մեղադրանք է առաջադրվել։

«Այդ մեղադրանքը չի տեղավորվում ոչ մի իրավական հարթության մեջ եւ այն ոչ այլ ինչ է, քան պատվեր։ Պատվեր կատարելով մեղադրողը պատվիրատուի հետ միասին  դատարանի դահլիճում կատարում է ակնհայտ հանցագործություն՝ թաքցնելով իրական հանցագործներին եւ գողոնը, հակառակ դեպքում գողոնից ինչ-որ բաներ կհայտնաբերվեին։ Արդյունքում ստացվում է՝ մեղադրողը մեղադրանք առաջադրելիս անտեսել է դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, բացառապես հիմք է ընդունել նախաքննական մարմինների շինծու մեղադրանքը, որով ոչ թե պաշտպանվում են տուժողների շահերը, այլ արդարացնում են անօրեն, անարխիստ արարքի հեղինակներին»,- իր պաշտպանական ճառում ասաց Արտուշ Հակոբյանը։

Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ անարդար է հասակի պատճառով մեղադրանք առաջադրել «անմեղ մարդու»։

«Մի պայծառ օր հաստատվելու է, որ այս արարքները մենք չենք արել, եւ այդ ժամանակ ես պիտի հետեւեմ, որ նույն ձեւով դաժան պատիժ ինքը ստանար»,-ասաց նա։

Ամբաստանյալ Սամվել Դավթյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ այս գործը շինծու է, եւ իրենցից ցուցմունքներ վերցրել են խոշտանգումներով։

«6-րդ վարչությունում էլ ենք հազար անգամ ասել, որ ոչ մի տարածք, ոչ մի բնակարան չգիտենք, ստեղ էլ հիմա ասում ենք, որ մեր գործով զբաղվող յուրաքանչյուր մարդ փորձում է գեղեցկանալ իր վերադասի համար, մինչեւ որտե՞ղ պիտի գեղեցկանան»,-ասաց ամբաստանյալը։

 Դատախազ Սասուն Միքայելյանը, օգտվելով ռեպլիկի իր իրավունքից, ասաց, որ պաշտպանական ճառերում նոր բան չլսեց, եւ շարունակեց պնդել իր առաջադրած մեղադրանքը։

Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վրդովվեց մեղադրողի խոսքից եւ ասաց, որ բոլորի մոտ մեղադրողը խեղաթյուրում է փաստերը։

«Ամոթ է, ցույց տվեք մի ապացույց կամ գոնե փաստական տվյալ, որ էս մարդը բանդա է կազմակերպել եւ ղեկավարել։ Մեղադրողը թարս է հասկանում, էշը թարս է նստել, մինչեւ վերջ էլ թարս գնում է։ Հիմա ասեմ, թե ինչ հոգեբանությամբ է Արտուշ Հակոբյանը հայտնվել այստեղ. նա այնպիսի հզոր, արյունռուշտ անձնավորություն է, որ ոչ մեկ նրա դեմ չի կարող նրա անունը տալ, որովհետեւ իրեն գողական աշխարհը շատ լավ գիտի, այս հոգեբանությամբ էլ նրան դատում են»,-ասաց փաստաբանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Բանդայի» գործով մեղադրող Սասուն Խաչատրյանը ամբաստանյալների համար պահանջել է 11-15 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։