Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն եւ ՎԶԵԲ-ը համապատասխանաբար՝ 5,4 և 3,6 մլն դոլար արժողությամբ վարկեր կտրամադրեն «Էլիտ Գրուպ»-ին` ավարտին հասցնելու 18 հարկանի բիզնես կենտրոնի շինարարությունը, որտեղ տարածքներ կտրամադրվեն գրասենյակային, մանրածախ առևտրի, համաժողովների եւ ցուցահանդեսների համար: «Էլիտ Պլազա» անվամբ բիզնես կենտրոնը գտնվում է Խորենացի փողոցում, Կենտրոնական բանկի հարեւանությամբ։ Այն դասակարգվում է որպես Ա դասի բիզնես-կենտրոն։
Ի հավելումն երկարաժամկետ ֆինանսավորման, որը ներկայում առկա չէ շուկայում, IFC-ն «Էլիտ Գրուպ»-ին կտրամադրի ոլորտում փորձառություն և նոու-հաու` աջակցելով ընկերության առաջին գրասենյակային շենքի նախագծի մշակմանն ու գործարկմանը` անվտանգության և բնապահպանության միջազգային ստանդարտների կիրառմամբ, դրանով իսկ սահմանելով շուկայական չափանիշ մյուս տեղական կառուցապատողների համար: Այս մասին տեղեկացնում են IFC գրասենյակից։
Նշենք, որ «Էլիտ Գրուպը» հանրապետությունում էլիտար շենքերի խոշորագույն կառուցապատողներից է։ Ընկերությունը շենքեր է կառուցում Պուշկին, Ամիրյան, Արամի փողոցներում։ Նրան է պատկանում «Մեր բակ» եւ «Կասկադ» համալիրների շինարարությունը։ Վերջինը, ի դեպ, գտնվում է անմիջապես Ազգային ժողովի հարեւանությամբ, Դեմիրճյան փողոցում։ Ճգնաժամը սկսելուց հետո «Էլիտ գրուպը» ֆինանսական դժվարություններ ուներ, որի պատճառով կառավարությունը 2009 թ. բյուջետային երաշխիք տրամադրեց ընկերությանը։




























