Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ «սառեցված» հասկացության օգտագործումը թյուրիմացության մեջ է գցում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը Օսլոյում՝ ԵԱՀԿ 19-րդ նստաշրջանի շրջանակներում, ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը:

«Կողմերը դեռ շարունակում են կորուստներ կրել, ուստի ղարաբաղյան հակամարտության նկատմամբ «սառեցված» հասկացության օգտագործումը թյուրիմացության մեջ է գցում»,- ասել է Լենմարկերը:

Լենմարկերն իր տարածաշրջանային զեկույցում նշել է նաեւ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գորան Լենմարկերը 2010թ. մարտին հայտարարել էր. «Ադրբեջանը պետք է կրճատի իր ռազմական բյուջեն, ինչը կդառնա հակամարտության կարգավորման մի մասը: Այդ հակամարտության ձգձգումից տառապում են Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները, մարդիկ»: