«Երկրաշարժից հետո տուն չունեի, տնակում էի ապրում, ոչ ջուր, ոչ զուգարան, ոչ մի բան չունեի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյումրեցի Աշխեն Մուրադյանը։ Նա մեկն է այն շատերից, ովքեր այսօր՝ հուլիսի 8-ին, ստացան նոր բնակարաններ։ Գյումրիի նորակառույց «Մուշ-2» թաղամասի բնակարանների շահագործման հանձման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահն ինքն անձամբ հյուրընկալվեց նոր բնակարաններ ստացած երեք ընտանիքների՝ շնորհավորելու նրանց բնակարանամուտը։ Նորակառույց «Մուշ-2» թաղամասում շահագործման է հանձնվել 22 շենք՝ 1056 բնակարանով։ Նախագահի հանձնարարությամբ՝ դրանք կահավորվել են գազօջախներով, լողախցիկներով, ջեռուցման համակարգերով։
«Նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներ ստիպված էին կրճատել իրենց սոցիալական ոլորտի ծախսերը, մեր պետությունը կարողացավ այս գործի համար միջոցներ գտնել, եւ դրա համար աղետի գոտում շինարարությունը ոչ մի րոպե չի դադարել»,-ասաց հանձնման արարողությանը ներկա քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։
Նշենք, որ անցած տարեվերջին կառուցվող բնակարանների շինարարական աշխատանքներին հետեւելու համար, որն իրականացնում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը «Մուշ-2» թաղամաս էր այցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դժգոհ էր մնացել աշխատանքների որակից եւ հանձնարարել էր վերացնել բոլոր թերությունները։ Այսօր «Մուշ-2» թաղամասի բնակարանների հանձման արարողությանը ներկա էր նաեւ «Գլենդել Հիլզ»-ի տնօրեն Վահե Ալմոյանը, ով նշեց, որ աշխատանքների հետ կապված բոլոր թերությունները վերացվել են։




























