Beeline-ը եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2014թ–ի համագործակցության արդյունքները: Համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ եւ 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների եւ բուհերի 150-ից ավել աշակերտ եւ ուսանող:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն՝ եռյակի երաժիշտներն, այս տարի նույնպես մեծ հաջողություններ են ունեցել բազմաթիվ միջազգային բեմերում: 2014թ.-ին Խաչատուրյանի անվան եռյակը համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ–ում: Երաժիշտներից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի հիմնադրամի շնորհալի երիտասարդների կրթման գործում, օգնելով երաժշտական դպրոցների սաներին ձեռք բերել գիտելիքներ եւ փորձ անմիջապես նշանավոր երաժիշտներից:
Եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշել է. «Տեսնելով մեր գործունեության արդյունքները՝ դժվար է փոխանցել այն ամենն, ինչ մենք զգում ենք: Beeline-ի եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է արդեն 4 տարի եւ այդ ընթացքում իրականացվել են մի քանի տասնյակ տարբեր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք բարձր ենք գնահատում Beeline–ի ուշադրությունը եւ ցանկությունը երիտասարդ տաղանդավոր երաժիշտների կրթման հարցում եւ համոզված ենք, որ սա բավական լուրջ քայլ է դասական երաժշտության զարգացման եւ տարածման գործում»:
Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում եւ Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում։ Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին:
2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։



























