Պետք չէ մտահոգվել Հայաստանից Ռուսաստան չիփ-դիզայներների արտահոսքի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Նա հավելեց, որ չիփ-դիզայնի ոլորտում Հայաստանն աշխարհի ամենից առաջատար երկրներից է: «Բնակչության շնչի հաշվով չիփ-դիզայների առումով մենք առջեւում ենք, ընդ որում՝ զգալիորեն»,- հավաստեց Մուսայելյանը: Հայաստանում այդ ոլորտի մասնագետների աշխատավարձերը միջազգային չափանիշներով ամենեւին էլ ամենացածրը չեն:
«Հիմա չեմ ցանկանում նրանց համեմատել ռուսականների հետ, բայց այլ երկրների հետ համեմատ, դրանք միանգամայն տանելի են: Այդ պատճառով, նույնիսկ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության եւ կառույցի անդամ 4 երկրների ներսում մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորության լույսի ներքո, ծրագրավորողների մեծ հոսք սպասել պետք չէ, ինչպես նախկինում ԱՄՆ-ի ու Եվրոպայի պարագայում էր»,- ամփոփեց Հովիկ Մուսայելյանը:



























