«ԵԱՀԿ ԽՎ նախագահ Սուարեշի հայտարարությունը պաշտոնանկ լինելուց առաջ զգալի չափով աղավաղում է հայաստանյան քաղաքական գործընթացների իրական պատկերը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ժոաո Սոարեշի հայտարարությունը, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը Հայաստանն ու Սփյուռքն են»:

«Որովհետեւ հայկական սփյուռքը ոչ թե խոչընդոտում է Հայաստանի քաղաքական գործընթացներին, այլ հակառակը, վերին աստիճանի շահագրգռված լինելով Հայաստանի բոլոր ասպարեզների հաջողություններով՝ ճիշտ ուղու վրա դնելու իր հայրենակիցներին եւ հայրենիք հանդիսացող պետությանը՝ իր իրավունքն է օգտագործում»,- մանրամասնել է Հովհաննիսյանն ու հավելել. «Եւ իմիջիայլոց, պահանջելով Հայաստանի Հանրապետության իշխանություններից ավելի զգուշավոր լինել հայ-թուրքական հարաբերություններում, Սփյուռքն ի վերջո ճիշտ դուրս եկավ, եւ արդյունքում այնպես ստացվեց, որ հանրապետության նախագահը ստիպված եղավ Ազգային ժողովից հետ կանչել ցյուրիխյան փաստաթուղթը եւ փաստորեն կասեցնել երկու կողմերի վավերացման գործընթացը»։ Ըստ դաշնակցական գործչի՝ Սփյուռքն իր պահանջներում շահագրգռված էր Հայաստանի շահերով, այլ ոչ թե ինչ-որ սեփական օրակարգ հետապնդելով։