Ուկրաինայում ձերբակալվել է «Ուկրաինայի նավթոգազ»-ի նախկին փոխնախագահ Իգոր Դիդենկոն։ Ինչպես հայտնում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը, Դիդենկոյի ձերբակալությունը տեղի է ունեցել հուլիսի 9ին ՝ նրա հանդեպ ավելի վաղ հարուցված քրեական գործի հետաքննական գործողությունների շրջանակներում (պաշտոնական դիրքի չարաշահմամբ ունեցվածքի տիրանալու) համար։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր Յուլիա Տիմոշենկոյի կառավարության ժամանակ։

Դիդենկոն Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հարուցված, այդ երկրին վնաս հասցնելու քրեական գործի կենտրոնական դեմքն է դարձել։

Ավելի վաղ ձերբակալվել էր նույն գործով կասկածյալ Անատոլի Մակարենկոն, ով 2009 թվականին ղեկավարել էր Ուկրաինայի պետական անցագրային ծառայությունը։

Յուլիա Տիմոշենկոյի բլոկը Դիդենկոյի եւ Մակարենկոյի ձերբակալության դեմ բողոքով մտադիր է դիմել դատարան։