ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կազմակերպել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ. Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (ANCA)։
Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող 90 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը Կապիտոլիումի բլուրում կցուցադրվի հուլիսի 21-ին։
«Ինձ համար մեծ պատիվ է կազմակերպել այս ֆիլմի ցուցադրությունը, ինչը թույլ կտա իմ գործընկերներին եւ աշխատակիցներին պատմել 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։ Ի վերջո, ճշմարտությունը կհաղթանակի»,- նշել է Շիֆը։
Ընդունելությունից եւ ֆիլմի ցուցադրությունից հետո կհետեւի Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի կողմից կազմակերպված քննարկումը։
Քննարկմանը կմասնակցեն Էրիկ Ֆրիդլերը, ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ինչպես նաեւ «Ճչացողները» ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանը։




























