«Թուրքիան ձեռնարկելու է բոլոր միջոցները Հյուսիսային Իրաքի կողմից ահաբեկչության սպառնալիքը վերացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ են տարվում Իրաքի հյուսիսի տարածաշրջանային կառավարության, Իրաքի կենտրոնական կառավարության եւ եւ ԱՄՆ-ի հետ:
«Հանդուրժողականության մասին խոսք լինել չի կարող: Մենք վճռական քաղաքականություն ենք վարում ահաբեկչության դեմ պայքարում եւ մեր քաղաքացիների պաշտպանության գործում: Այդ պայքարը շարունակվելու է»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է TRT International-ը:
Դավութօղլուն արել է իր հայտարարությունը Կոնյա նահանգում, ուր ժամանել էր մասնակցելու Բոսնիայի եւ Հերցեգովինայի հյուպատոսության բացմանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, վերջին օրերին հաճախակիացել են բախումները Թուրքիայի զինված ուժերի եւ Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների միջեւ: Վերջին արյունոտ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Քուրդ 7 ապստամբների դիակները Շեմդինլի շրջանում թուրքերը մասնատել էին, իսկ աչքերը՝ հանել: Ինչպես հաղորդում է Firat գործակալությունը` հազարավոր քրդեր մասնակցել են նրանց թաղման արարողությանը: Նրանց եւ հատուկջոկատայինների միջեւ բախում է եղել, որի արդյունքում զինվորները արցունքաբեր գազ են օգտագործել:




























