ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշն անձամբ է հերքել ադրեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը:
Պաշտոնյայի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ BBC ռադիոկայանին տված իմ հարցազրույցի մասին մամուլի հրապարակումների կապակցությամբ չեմ ցանկանում ներքաշվել ասվածի վերաբերյալ խոսքերի խաղի մեջ: Ես առաջարկում եմ նրանց, ովքեր հետաքրքրված են, ուշադիր լսել հարցազրույցը, որտեղ հակամարտության վերաբերյալ արտահայտած իմ մտքերն այն նույն մտքերն են, որ ես նախկինում արտահայտել եմ Երեւան եւ Բաքու կատարած վերջին այցերի ընթացքում»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու հավելել. «Մեր դիքորոշումը հստակ է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի սահմանների ամբողջականության և իրենց սեփական ճակատագիրը որոշելու բոլոր ժողովուրդների իրավունքի վրա»:
Ըստ Սոարեշի՝ ինքը հարցազրույցում նշել է, թե համոզված է, որ առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության հասնելու հստակ հնարավորություն: «Անհրաժեշտ է միայն քաղաքական կամք, եւ ես նշել եմ, որ այսպիսի կամք առկա է երկու երկրներում էլ: Իմ հարցազրույցում ես ոչ մի անգամ չեմ մեղադրել ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին այն փաստի համար, որ դեռեւս Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվել»,- ամփոփել է Սոարեշը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին, թե ԵԱՀԿ ԽՎ նախագահն ասել է, իբր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը Հայաստանն ու Սփյուռքն են, իսկ Սերժ Սարգսյանը բավարար հեղինակություն չունի իր երկրում քաղաքական ուժերի վրա ազդելու համար»:




























