Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շաբաթ՝ հուլիսի 10-ին Ղրիմում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով է կազմակերպում, նույն օրը կայանալու են ուկրաինական պետության ղեկավարի 60-ամյակի հանդիսությունները:
Յանուկովիչը 60-ամյակը նշում է հուլիսի 9-ին, սակայն այդ օրը նրան չի հաջողվել օգտվել առիթից եւ հանգստանալ, ուրբաթ Կիեւ էր ժամանել Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ով հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդուհանդերձ, երեկոյան Կիեւում կայացել է համեստ տոնակատարություն՝ ազգականների եւ բարեկամների մասնակցությամբ:
Հիմնական տոնակատարությունները կայանալու են Ղրիմում՝ պետական ամառանոցներից մեկում: Նույն օրը կայանալու է Անկախ Պետությունների Համագործակցության «առանց փողկապի» գագաթնաժողովը: Դրան մասնակցելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ այլք: Հայտնի է, որ մասնակցելու է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախնական տվյալներով, գագաթնաժողովը կայանալու է Լիվադիական պալատում՝ Յալթայում: Լիվադիան եղել ռուսական կայսրերի կեցավայրը 1861թ.-ից: Այստեղ 1894թ. մահացել է Ալեքսանդր 3-րդը:
Յանուկովիչի ծննդյան օրը Ուկրաինա է ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա այցը աշխատանքային էր անվանվել, սակայն , ինչպես հաղորդել է Վրաստանի դեսպանը, նա միայն մեկ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահի հետ: Նա չի մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:




























