Հայաստանի պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ:
Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուի հայտարարությունը, որում վերջինս Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը մեղադրում էր սուտ լուրեր տարածելու մեջ:
«Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ եւս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված եւ տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, եւ չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից»:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ադրբեջանից դիվերսիոն խումբ էր անցել Լեռնային Ղարաբաղի տարածք: ԼՂՀ սահմանապահների զգոնության շնորհիվ անցումը կասեցվել էր, տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Ադրբեջանական խումբը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով Մ.Իբրահիմովի դիակը: Հայկական կողմը տվել էր 4 զոհ եւ 4 վիրավոր:




























