Քիչ առաջ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարը: Կուսակցության համագումարին մասնակցում են մոտ 400 պատվիրակներ:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այլ քաղաքական ուժերի առաջնորդներ կուսակցության համագումարին չեն մասնակցում: Ներկա են միայն Արթուր Պետրոսյանը ՀՅԴ-ից, Տիգրան Թորոսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշել է, թե բոլոր այս տարիներին կուսակցությունն ակտիվ պայքարել է պետության եւ ժողովրդի շահերի համար: «Այդ գործընթացում մենք համագործակցել ենք այլ ընդիմադիր քաղաքական ուժերի հետ, չնայած ընդդիմադիր մյուս դաշտը չընդունելով «Ժառանգության» պրագմատիկ առաջարկները, հիմնականում ձախողվել է տարբեր քաղաքական գործընթացներում»,- նշել է Մարտիրոսյանն ու հավելել, թե իրենք շարունակելու են պայքարը, որպեսզի իշխանությունը չմենաշնորհվի մեկ կուսակցության կողմից, գործընթացները լինեն ոչ թե քրեական, այլ քաղաքական, եւ տեղի ունենան ոչ թե փողոցում, այլ քաղաքական հաստատություններում:

«Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որտեղ մեծամասնությունը հաշվի է նստում փոքրամասնության հետ, իսկ փոքամասնությունը միշտ ենթարկվում է մեծամասնության որոշումներին, եւ որտեղ նեղ անձնական շահերը չեն գերակայում»,- ասել է Մարտիրոսյանը: