Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ հաստատվել է օրհնության նոր կարգ, որի համաձայն` ամեն տարի Ամանորի գիշերը` ժամը 00.30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Գոհաբանական մաղթանքի ավարտին կկատարվի նռնօրհնեքի արարողություն:

Հայկական ավանդության մեջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաեւ այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղեւով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:

Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի եւ մանրանկարչության մեջ:

Հորդորում ենք մեր ժողովրդին մասնակցելու Գոհաբանական մաղթանքին եւ նռնօրհնեքին: