Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն, միանգամից եւ ամբողջությամբ, արտահերթ գործընթացով: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կուսակցության 6-րդ արտահերթ համագումարին:
Ըստ Հովհաննիսյանի՝ դա այսօր մեր ժողովրդի պահանջն է: «Սա այն Հայաստանը չէ, որի համար պայքարել եւ զոհվել են մեր եղբայրներն ու հայրերը: Տիրում է համատարած անօրինականություն եւ անիրավություն: Եւ դրա համար նորից պատասխանատու ենք մենք բոլորս: Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների եւ քաղբանտարկյալների համար նորից պատասխանատու ենք բոլորս»,- ազդարարել է Հովհաննիսյանն ու հավելել. «սակայն առաջին հերթին երեք նախագահները, եւ դրա համար նրանք պետք է պատասխան տան»: Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ նրանց պաշտոնավարման տարիներին այնքան փող է կուտակվել պաշտոնական դիրքի չարաշահման շնորհիվ, որ կարելի է վերաբնակեցնել ամբողջ ազատագրված տարածքները: «Ուրեմն արեք դա, թե չէ մենք կանենք»,- սպառնացել է Հովհաննիսյանը:
Նա նաեւ կոչ է արել Հայ առաքելական եկեղեցուն՝ զերծ մնալ քաղաքականացումից:
Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել է սեփական կուսակցությանը: ««Ժառանգության» օրակարգը դա Հայաստանինն է, Հայաստանինը՝ «Ժառանգությանը»: Կուսակցությունը նախորդ ժամանակահատվածում թույլ է տվել նահանջ իր դիրքերից, ընդունել հերթապահ որոշումներ, ինչի պատճառով շեղվել է իր արժեքներից։ Եւ դա դարձել է պատճառ, որ նախագահական նստավայրից սկսում էին խոսել կուսակցության ներսում ժողովրդավարական արժեքների մասին: Ինչպիսի զավեշտ, ով ում ինչ է խորհուրդ տալիս»,- նկատել է Հովհաննիսյանը եւ նկատել, թե այդ «սխալների համար պատասխանատու ենք բոլորս, իսկ այն մարդիկ, որոնք կուսակցությունից անհիմն հեռացվել են, պետք է իրենց դիմումի համաձայն վերականգնվեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է ժողովրդին հուզող բոլոր թեմաներից՝ Նուբարաշենի աղբանոցից մինչեւ սոցիալական խնդիրներ: Նրա ծրագրային ելույթից կարելի էր տպավորություն ստանալ, թե «Ժառանգության» առաջնորդը նախագահական հավակնություններ ունի եւ պատրաստվում է նախագահական ընտրություններին:




























