Սիրիահայ Մարալ Էսմերյանը երկուսուկես տարի ապրում է Երեւանում: Սիրիայում նա լավ տնային տնտեսուհի էր, իսկ Երեւանում խոհարարությունը աշխատանք է դարձրել:
«Սիրիայում տանտիկին էի, տան գործ էի անում, այստեղ ալ խոհարարությամբ կզբաղվիմ, մամայիս մոտ եմ սովորել, կսիրեմ խոհարարությունը: Ես խոհարարական դպրոց չեմ անցել, որ պատերազմեն եկանք հոս, պետք է աշխատեինք, նեղությունը ավելի շատ բան կսովորեցնե քեզի: Ճաշեր կային, որ Սիրիա չեմ պատրաստել, հոս արդեն պատրաստել եմ: Սիրայում տունին հայրը կաշխատեր, ընտանիքը կապրեր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 58-ամյա խոհարարը:
Տիկին Մարալը իրեն բախտավոր է համարում, որ Երեւան գալով, հյուրընկալվել է Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին, եւ որ ապրում ու աշխատում է հայ կաթողիկե եկեղոցում:
«1915թ. մեր տատերը Թուրքիայեն եկել են Սիրիա, Սիրիան մեզի ընդունեց հարյուր տարի, մեզի լավ կնայեր: Մենք Հայաստան եկանք, որ մեր հայկական անձնագիր առնենք եւ մնացինք հոս, որովհետեւ Սիրիայում պատերազմ է: Այստեղ լավ վարդապետներ կան, իրենց մե շատ բան սորվեցա, ինձի համար հաճույք է այստեղ մնալս: Այստեղ հարյուրավոր սիրացիների տուն են տվել, ճաշ են տվել, թիկունք են տվել, շաբաթը վեց օր ալ իրենց հաց են տալիս հոս»,- նշեց Մարալ Էսմիրյանը:
Սիրիահայը իր Երեւան գալը բախտավորություն է համարում, բայց միեւնույն է, ցանկանում է Սիրիա վերադառնալ. «Եթե Սիրիան այսօր լավ ըլլա արդեն, վաղը հետ կերթանք: Մեր կյանքը, ամեն ինչը հոն է, հայրենիքս էլ կսիրեմ, բայց հոն ապրել ենք, իմ հարազատները հոն են, ամեն անցյալս, հուշերս հոն են, բայց Հայաստան ալ վատ չէ, մեր հայրենիքն է կսիրեմ, բայց կփնտրեմ ապրած տեղս: Միայն եղբայրս է հոս, մեծ մասը այնտեղ են, մեր ամեն ինչը թողել ենք»:
Տիկին Մարալը պատմում է, որ Սիրիայում Ամանորը տոնում էին հազատների հետ միասին, իսկ այստեղ նրա սիրտը ուրախ չէ, Նոր տարին մենակ է դիմավորում:
«Արդեն Ամանոր չենք զգար, միայն կուլանք այդ օրը, սիրտներս ուրախ չէ, որ ուրախ ըլլաս, ամեն օր ալ Ամանոր կըլլա: Մենք Ամանորը հոն կտոնեինք հարազատներով, այսինքն՝ քույր եղբայր, հորեղբայր, մորաքույր, բոլոր ընտանիքը կհավաքվի: Կտոնեինք Ամանորը, իշլի քյուֆթա կնենք, հնդկահավ, մսով բորաք, պանիրով բորաք, տեսակավոր ճաշեր կնենք, թե արաբական թե, հայակական ուտեստներ, ճոխ սեղան կշտկենք եւ միասին ուրախ զվարթ կուտենք, կխմենք մինչեւ առավոտ ձեզի նման 14 օր չենք տոնե»,- հիշեց Մարալ Էսմիրյանը:
Տիկին Մարալի խոսքով՝ իր պատրաստած ուտեստներից ամենաշատը հայաստանաբնակներին դուր է եկել իշլի քյուֆթան: Նա կարողանում է 50 տեսակի իշլի քյուֆթա պատրաստել. «Իմ պատրաստած ուտեստներից հայերը սիրում են իշլի քյուֆթա, մանթին, թաբուլեն: Մեր խոհանոցը ճոխ է, մենք Թուրքիայեն, որ եկել ենք Սիրիա, արաբական ճաշերն ալ ներառեցինք մեր ճաշացուցակ»:
Սիրիահայ խոհարարը հայ տանտիկիններին խորհուրդ տվեց Ամանորյա ուտեստեներ պատրաստելիս օգտագործել հայկական, սիրիական, արաբական համեմունքներ, ուտեստի մեջ հոգի դնել. «Ճաշին հետ պիտ ապրիս, որ ճաշը լավ ըլլա»:
2015թ-ի համար տիկին Մարալն Աստծուց խնդրում է հանգստություն, խաղաղություն Հայաստանում եւ Սիրիայում:











