NEWS.am-ի հրապարակումից հետո ԿԳ նախարարությունից աշխատանքի առաջարկ ստացած, ի ծնե կույր Արմինեն աշխատանքային 8 ամիսներից հետո նոր նպատակներ ու երազանքներ ունի: 28 տարեկանում արդեն 4 դիպլոմ ունեցող աղջիկը, որն ամիսներ առաջ մտածում էր ԿԳ նախարար դառնալու մասին, ցանկանում է Հավայան կղզիների համալսարանի ասպիրանտուրա ընդունվել։
«Ես հասկացել եմ, որ նպատակները կարող են փոխվել կյանքի ընթացքում: Իրականում նախարարը հո նախարա՞րը չի, պաշտո՞նը չի, այլ կարողությունները, հնարավորությունները, որ դու կարող ես մի բան անել: Հիմա կուզեի Հավայան կղզիներում ասպիրանտուրա ընդունվել, այնտեղի համալսարանում կա իմ ուզած մասնագիտությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմինեն:
Մինչեւ նոր համալսարան ընդունվելն Արմինեի գիտելիքները կծառայեն Հայաստանում կրթության ոլորտում փոփոխություններ կատարելուն: ԿԳՆ Զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչությունում Արմինեն արդեն բազմաթիվ թարգմանություններ է արել, մի քանի հետազություններ կատարել ու զեկույցներ պատրաստել:
Կրթության ոլորտում առաջարկներ անելիս Արմինեին նաեւ սեփական կյանքի փորձն է օգնում։ Նախադպրոցական տարիքից ներառական կրթություն մտցնելու մասին զեկույց պատրաստելիս ոչ միայն ուսումնասիրած գրականությունից, մասնագետների փորձից է օգտվել, այլեւ ինչպես ինքն է ասում, խնդիրը նաեւ «իր մաղով է մաղել»:
«Ներառական կրթությունը պետք է վաղ հասակից լինի: Ինչքան երեխան մեծանա, այնքան դժվար է ինտեգրվելը հասարակությանը: Մի քանի երեխայի հետ բակում կխաղա, թե չի խաղա, հետո տանեն, երեսուն հոգանոց դասարանում նստեցնեն, դա բարդ է: Ես մինչեւ 8 տարեկան դպրոց չեմ գնացել: Հատուկ դպրոցն ավարտել եմ, հինգ հոգի են եղել մեր դասարանում, 18 տարեկանում մտել եմ համալսարան՝ 120 հոգանոց կուրս: Թեեւ տեսակով շատ կոմպլեքսավորված չեմ եղել, միեւնույն է՝ մտնում ես 120 հոգանոց կուրս ու շվարած կանգնում, որովհետեւ հինգ հոգու ձայնից ավելի շատ ձայն միաժամանակ չես լսել»,- ասաց Արմինեն:
Աշխատանքային դժվարությունները հաղթահարելու համար նախ շրջապատի համար էական, իր համար՝ սովորական դարձած խնդիրները հաղթահարելու անհրաժեշտություն է եղել: Արմինեն դրանց համար սեփական մեխանիզմն է մշակել. «Վերելակը որ կանգնում է, չգիտեմ՝ որ հարկում է, մի անգամ էլ եմ վեցը սեղմում, որ գնա, գնա, եթե չէ, ուրեմն վեցերորդ հարկում եմ»:
Հիշեցնենք, որ ի ծնե կույր Արմինեն 28 տարեկանում չորս բարձրագույն կրթություն ունի, որոնցից մեկը ստացել է արտերկրում։











