Միջազգային Facebook սոցիալական ցանցը որոշել է փակել վիրտուալ նվերների խանութը։
Հիշյալ նախագծի պատասխանատու Ջարեդ Մորգենսթերնը հայտնել է, որ այսուհետ Facebook օգտագործողները չեն կարող վիրտուալ ծննդյան տորթեր, ծաղիկներ եւ փուչիկներ ուղարկել իրենց ընկերներին։ Ըստ նոր որոշման՝ 2007-ից գործող վիրտուալ նվերների խանութը օգոստոսի 1-ից դադարեցնելու գործունեությունը։ Սակայն օգոստոսի 1-ից հետո էլ նախկին ուղարկված նվերները կայքում կցուցադրվեն։
Նշենք, որ Insidefacebook.com-ի զեկույցի համաձայն՝ Facebook-ի այցելուները վերջին շրջանում զգալի պակասել են, որի պատճառով, Facebook-ը այցելությունների քանակով գրանցել է վերջին ժամանակների ամենացածր ցուցանիշը։
Իր հերթին Facebook-ի ստեղծող Մարկ Զուքերբեգը օրերս նշել է, որ Facebook-ը համարյա դառնում է աշխարհի թիվ 1 սոցիալական ցանցը։
«Մենք այս պահին 500 մլն անդամ ունենք։ Աշխարհում միայն 3 երկրում մենք դեռեւս առաջատար սոցիալական ցանց չենք։ Դրանք են՝ Ռուսաստանը, Ճապոնիան եւ Չինաստանը։ Մինչ այս տարվա վերջը նախատեսում ենք մեր անդամների թիվը հասցնել 1 միլիարդի։ Այս պահին Ռուսաստանում 1 մլն անդամ ունենք»,-ամփոփել է Facebook-ի ստեղծողը։
Ի դեպ, Հայաստանում եւս Facebook-ը մեծ տարածում է գտնում՝ նեղելով ռուսական Odnoklassniki.ru-ին։




























