Հաքերական Chaos Computer Club (CCC) հայտնի ցանցի անդամը պնդում է, որ իրեն հաջողվել է լուսանկարների միջոցով վերստեղծել գերմանացի քաղաքական գործչի մատնահետքերը:
Յան Քրիսլերը արդեն 31 տարի գոյություն ունեցող եւ Եվրոպայի ամենախաշոր հաքերների միության կոչմանը հավակնող CCC ցանցի անդամների համագումարին հայտարարել է, որ վերստեղծել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մատնահետքը՝ օգտագործելով սովորական լուսանկարչական սարքով նկարված լուսանկարները:
Ըստ Քրիսլերի՝ ինքն օգտագործել է այն լուսանկարը, որտեղ նախարարի մատը խոշոր պլանով է նկարված: Քրիսլերը ենթադրել է, որ իմանալով իր ձեռքբերման մասին՝ քաղաքական գործիչները կարող են սկսել ձեռնոց կրել՝ հանրության առաջ ելույթ ունենալիս:
Մատնահետքերի նույնականացման համակարգը օգտագործվում է որպես անվտանգության միջոց Apple-ի եւ Samsung-ի սարքերում, եւ բացի դրանից, օգտագործվել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում այս տարի, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























