Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհված 19-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վերջին Ամանորը դիրքերում էր դիմավորել, ընտանիքի անդամներին հեռախոսով շնորհավորել:

Արմենի մայրը՝ տիկին Մարինեն, որն առաջին Ամանորն է առանց որդու դիմավորում, հիշում է, թե նախորդ տարի ինչպես էր որդին 12:00-ից շուտ զանգահարել եւ սպասում, թե երբ է ժամանակը գալու, որպեսզի շնորհավորի ընտանիքի անդամներին:

«Կապը շատ վատ է լինում Ամանորին, բայց ինքը կարողացել էր զանգահարել: Մենք բազմանդամ ընտանիք ենք, ինքը շտապում էր, ուզում էր բոլորիս շնորհավորել: Բացի այդ, այնտեղից զանգահարում էր, մեր բոլոր բարեկամներին էր շնորհավորում, անգամ այնպիսի բարեկամների, որոնք ազգակցական կապով հեռու են մեզնից: Շատերը, երբ գալիս էին մեր տուն, ասում էին՝ Արմենը զանգել, շնորհավորել է: Մենք զարմանում էինք ու, միեւնույն ժամանակ, լավ  էինք մեզ զգում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  տիկին Մարինեն՝ նշելով, որ դա որդու երկրորդ Ամանորն էր բանակում:

Տիկին Մարինեն հիշում է, թե ինչպես որդին բանակ զորակոչվելուց ամիսներ առաջ՝ Ամանորի սեղանի շուրջ, հորը խնդրեց իրենց տան վերանորոգման աշխատանքներն առանց իրեն չսկսել, որպեսզի ինքն էլ կարողանա օգնել: Մոր խոսքով՝ Արմենն ամեն հարցում իրեն հասուն մարդու պես էր պահում, դպրոցական տարիներին անգամ աշխատանք էր գտել, ամեն կերպ ցանկանում էր օգնել ընտանիքին:

Արմենի մայրը մինչեւ այսօր պահել է Արմենի՝ դպրոցական տարիքում իրեն նվիրած շնորհավորական բացիկները, նվերները: Պահել է նաեւ որդու ամենասիրելի խաղալիքը՝ պապիկից ժառանգություն ստացած շոգեքարշը:

«Ամենասիրելի խաղալիքը շոգեքարշն էր: Իրենք մեծացան, այդ շոգեքարշն էլ իրենց հետ մեծացավ: Դա իրենց հոր խաղալիքն էր, հորն էլ նվեր էր տվել իր հայրը: Արմենը փոքր հասակում ամենաշատը սպասում էր այդ շոգեքարշը տեղադրելու պրոցեսին: Միգուցե մի քիչ խանգարեր, բայց անպայման ուզում էր, որ ինքը օգներ մեծերին»,- ասաց տիկին Մարինեն՝ նշելով, որ որդին՝ տան կրտսերը, մանուկ հասակում անհամբերությամբ էր սպասում Ամանորին, Ձմեռ պապիկի նվերներին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմենին հետմահու պարգեւատրել է առաջին աստիճանի մեդալով: