Պաշտոնական Թեհրանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Վաշինգտոնի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստան նյութեր ուղարկելու հնարավորության մասին, որոնք կարելի է օգտագործել միջուկային զենք ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է իրանական ISNA գործակալությունը:
Ավելի վաղ AP-ն, վկայակոչելով բանակցությունների ընթացքին տեղյակ երկու դիվանագետի, հաղորդել էր, որ կողմերն այդ հարցի շուրջ նախնական համաձայնություն են ձեռք բերել: Բացի այդ, գործակալության տվյալներով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեկտեմբերյան բանակցությունների ընթացքում միջազգային միջնորդների «վեցյակը» եւ Թեհրանն առաջին անգամ կարողացել են փաստաթուղթ կազմել, որում ընդհանուր գծերով ներկայացվել են դեռեւս առկա տարաձայնությունների լուծման շուրջ հիմնական մոտեցումները եւ այն, թե ինչ ոլորտներում կողմերը կարող են համաձայնության հասնել:
Աղբյուրը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ պայմանավորվածության մասին տեղեկությունն անհիմն է անվանել: «Հաղորդագրության մեջ հիշատակվում էր Իրանից ուրանի դուրսբերման մասին: Այդ հարցը շատ ավելի վաղ է բարձրացվել, սակայն մենք դրա շուրջ որեւէ պայմանավորվածություն չենք ունեցել»,- ասել է իրանական գործակալության աղբյուրը:




























