2015 թվականը հարուստ կլինի տիեզերական բոլոր հնարավոր երեւույթներով: Այսպես, մինչեւ հունվարի  7-ը կշարունակվի երկնաքարային հոսքը, որը սկսվել էր անցած գիշեր եւ Երկրի հյուսիսային կիսագնդի բնակչությանը հնարավորություն ընձեռել հետեւելու աստղաթափի:

Ըստ www.informing.ru-ի` ընթացիկ եւ հաջորդ ամսին հնարավոր կլինի հետեւել Լավջոյա գիսաստղի տեղաշարժերին, իսկ տարվա ընթացքում Երկրի բնական արբանյակը   13 անգամ կծածկի Ալդեբարան աստղը:

Ուրալի դաշնային համալսարանի աստղադիտարանի աշխատակիցները  նախազգուշացնում են, որ հունվարի 26-ին մեր մոլորակից վտանգավոր հեռավորության վրա կհայտնվի խոշոր աստերոիդ, որը ստացել է 2004 BL86 (357439) անվանումը: Դրա տրամագիծը գերազանցում է 1 կմ-ը, այն կանցնի Երկրից ընդամենը  1,2 մլն կմ հեռավորությունից, իսկ դա տիեզերական չափորոշիչներով շատ փոքր է: Մոլորակի բնակիչները կարող են երկնային այդ մարմնին հետեւել հեռադիտակներով: 

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ մեկ տարվա ընթացքում երկրի բնակիչները կարող են հետեւել  այնպիսի հետաքրքիր տիեզերական երեւույթների, ինչպիսիք են  լուսնային եւ արեգակնային երկուական խավարումները: Աշնանը տիեզերական երեւույթների ցուցակը կհամալրվի մոլորակների փոքր շքերթով, որին կմասնակցեն Յուպիտերը, Վեներան, Մարսը եւ Մերկուրին: