Օգտվողները Apple ընկերությանը դատի են տվել, քանի որ այն չի իրազեկել iOS օպերացիոն համակարգի հերթական թարմացման ծավալների մասին:
Հայցադիմումի մեջ նշվում է, որ թարմացումն այնքան հիշողություն է խլում, որ օգտատերերը սեփական տվյալները պահպանելու տեղ չեն ունենում, հայտնում է BBC-ն:
Հայցը ներկայացրել են Քալիֆոռնիայում՝ Մայամիի բնակիչներ Փոլ Օրշանը եւ Քրիստոֆեր Էնդարը: Նրանք պնդում են, որ համակարգի վերջին տարբերակը՝ iOS 8-ը, կարող է զբաղեցնել մինչեւ 23,1% հիշողություն, որը հասանելի է Apple-ի որոշ սարքերում: Բացի դրանից, iOS 7-ից անցումը կարող է դառնալ հիշողության՝ մինչեւ 1,3 գբ կրճատվելու պատճառ:
Համակարգային նյութերի մեծ ծավալը հանգեցնում է նրան, որ օգտվողները սեփական տվյալները պահելու տեղ չեն ունենում, ինչը նրանց ստիպում է դիմել iCloud վճարովի համակարգին:




























