«ԿիբեռԲերկուտ» հաքերային խմբավորումը ստանձնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ գերմանական խորհրդարանի կայքերի արգելափակման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է կազմակերպության կայքը:

Հաքերների խոսքով՝ այս գրոհով նրանք եվրոպական իշխանություններից պահանջում են մեծ վարկեր չհատկացնել Ուկրաինային:

«Դժվար չէ պատկերացնել, թե ինչի վրա կծախսվեն այդ գումարները: Դրանք Յացենյուկին անհրաժեշտ են պատերազմը շարունակելու, այլ ոչ թե երկրի քայքայված ենթակառուցվածքները վերականգնելու համար: Այս պատերազմում արդեն հազարավոր մարդիկ են զոհվել, եւ Յացենյուկը ձեր գումարների դիմաց ցանկանում է եւս մի քանի հազար մարդ սպանել»,- հայտարարել են հաքերները:

«Արյունահեղ քաղաքացիական պատերազմը սանձազերծած Կիեւի հանցավոր ռեժիմին ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը դադարեցնելու պահանջով մենք դիմում ենք Գերմանիայի ժողովրդին եւ կառավարությանը», - ընդգծել են հաքերները: