Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին հայտնաբերված ՀՀ երկու քաղաքացիները Սեւանի բնակիչներ են, գնացել էին Վրաստան աշխատանքի բերումով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Նա նշեց, որ իրեն դեպքի մասին հայտնել են ԱԻՆ-ից, սկզբից տեղեկատվություն կար միայն մեկ հոգու մահվան մասին, սակայն հետո ճշտել են ու պարզել, որ նա միայնակ չէր գնացել: 1963 թ. ծնված Շ. Հ.-ն և 1945 թ. ծնված Ա. Ա.-ն Վրաստան էին գնացել աշխատանքի բերում, առեւտրով էին զբաղվում: «Մեքենայի մեջ են մնացել, վառարանը միացված է եղել, գազի արտահոսք է եղել, թունավորվել են, մահացել: Զոհվածներից մեկը փախստական ընտանիքից է, Վրաստանից վերադառնալոիս են եղել»,-ասաց քաղաքապետը: Ռուդիկ Ղուկասյանն ասաց, որ առայժմ դիակները  չեն բերել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 7-ի ժամը 07.00-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհից՝ «Լադա-2110» մակնիշի 141 CU 64 պետհամարանիշով ավտոմեքենայից, Թբիլիսի քաղաքի Աղմաշենեբելի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող դիահերձարան են տեղափոխել ՀՀ քաղաքացիներ՝ 1963 թ. ծնված Շ. Հ.-ի և 1945 թ. ծնված Ա. Ա.-ի դիերը:  Պարզվել է, որ Շ. Հ.-ը գրանցված է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցը եւ Սեւանի քաղաքապետը: