8 տարվա պատմություն ունեցող FAF ֆուտբոլային շարժման անդամները հունվարի 7-ին շարժման անդամների և ընկերների համար ամանորյա ամփոփիչ միջոցառում էին պատրաստել: Առիթը` «FAF համակրանք» մրցանակի հանձման արարողությունն ու ֆուտբոլային տարվա ամփոփումն էր:
«FAF համակրանք» մրցանակը հանձնվում է վեցերորդ անգամ: 2009-ին առաջին անգամ «FAF համակրանք»-ին արժանացել է Հենրիխ Մխիթարյանը, այնուհետև` Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Լևոն Հայրապետյանը, Արաս Օզբիլիզը: 2014-ի մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանին: Մրցանակը հանձնեց FAF հիմնադիր անդամ Կարեն Շաբոյանը:
Քվերկությունն ընթանում է FAF -ի անդամների միջև, որին այս անգամ մասնակցել են մոտ 400 երկրպագու:
Մրցանակներ հանձնվեցին նաև FAF -ի անդամներին՝ Տարվա լավագույն նորեկ, մարզերը ներկայացնող լավագույն երկրպագու և ամենաֆաֆական անդամ անվանակարգերում:
FAF -ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն ամփոփեց նաև 2014 թվականը.
- Ֆուտբոլային առումով անհաջող տարի էր: Հայաստանի ազգային հավաքականը 9 խաղերում կրեց 7 պարտություն: Սակայն այս տարի մենք հավաքականի կողքին գտնվեցինք չորս արտագնա խաղերում: Սա ռեկորդ է: Չնայած, որ չորսում էլ հավաքականը պարտություն կրեց, բայց դա առաջընթաց քայլ էր նաև ֆան շարժման համար- նշեց Ջանջոյանը:
Նշենք, որ FAF ֆուտբոլային շարժման անդամներն արտերկիր մեկնում են սեփական միջոցներով՝ առանց որևէ աջակցության: Այս տարվա մրցանակաբաշխության միջոցառումն էլ կազմակերպվել է բացառապես FAF-ի միջոցներով: Նախորդ տարիների մի քանի անգամ մրցանակները հանձնվում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա մրցանակաբաշխության ընթացքում:
2015 -ին հավաքականի առաջին խաղը Ալբանիայի հետ է: FAF -ն արդեն հստակ որոշում է կայացրել ` մեկնելու Ալբանիա, այս անգամ ավտոբուսով և առանց աղջիկների, որովհետև ճանապարհորդույթունը ռիսկային է:
- Ալբանիա չենք կարող չգնալ: Սա հավաքականի կարևորագույն խաղերից է: Մենք, Ալբանիան և Սերբիան ենք վիճարկելու երրորդ տեղը խմբում: Մենք պետք է լինենք հավաքականի կողքին, – նշեց Սերգեյ Ջանջոյանը:
Մրցանակաբաշխությունն ավարտվեց Ձմեռ պապի այցելությամբ ու նվերներով, խնջույքով և Ռոբերտ Արզումանյանի հետ լուսանկարվելով:
Վերա Մարտիրոսյան






























