Ռուսաստանը 5 տարվա ընթացքում «Մաքուր ջուր» նախագծի վրա կծախսի 30 մլրդ ռուբլի: Այդ գումարը նախատեսված է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կողմից Դաշնային նպատակային ծրագրերի աջակցության շրջանակներում, եւ հատկացվելու է երկրի պետբյուջեից: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Վեդոմոստին», այդ ծրագիրը նպատակային չէ, սակայն նախարարությունը դրան պետծրագրի կարգավիճակ է շնորհել:

Նշենք, որ «Մաքուր ջուր» նախագիծը մեկնարկել է ՌԴ կառավարող ուժի՝ «Եդինայա Ռոսիայի» կողմից՝ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի նախաձեռնությամբ, իսկ 2008թ. ծրագիրն արժանացել է վարչապետ Վլադիմիր Պուտինի հավանությանը: Հենց Պուտինն է հանձնարարել «Մաքուր ջուրը» պետծրագիր դարձնել, սակայն կառավարությունը դեռ դրա վերաբերյալ իր եզրակացությունը չի տվել:

Վեճերը սկսվել են, երբ «Եդինայա Ռոսիան» որոշել է ջրի մաքրման համար օգտագործել կեղծ գյուտարար Վիկտոր Պետրիկի ջրի ֆիլտրերը՝ համառուսաստանյան մասշտաբով, որոնք իբր անգամ ռադիոակտիվ ջուրը վերածում են խմելու ջրի եւ մարդու կյանքը երկարաձգում են մինչեւ 140 տարի:

Սակայն, համաձայն ՌԴ գիտությունների ակադեմիայի, այդ ֆիլտրերը վտանգավոր են առողջության համար: Իսկ Նովոսիբիրսկում ջրի մաքրման համար շատ կեղտոտ գրաֆիտ է օգտագործվել (օրգանական եւ մետաղական նստվածքները գերազանցել են 15 տոկոսը): Անգամ մաքուր ջուրը նման ֆիլտրից հետո կեղտոտ է դառնում: