Այս տարվա հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Ինչպես նշել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության ղեկավար Ավետլանա Ստեպանովան՝ ներկայացնելով օրենքը, ընդհանուր առմամբ այն միտված է աշխատանքային ներգաղթյալների կենսապայմանների թեթեւացմանը՝ ինչպես բարձրակարգ մասնագետների, որոնց համար զգալի արտոնություններ են սահմանվել, այնպես էլ ֆիզիկական անձանց մոտ աշխատող ներգաղթյալների:
Նրա խոսքով, թույլատրության փաստաթղթերի ստացման ընթացակարգը բարձրակարգ մասնագետների համար զգալիորեն հեշտացվել է: Նրանց թույլտվության տրամադրումը իրականացվելու է սահմանված քվոտաներից դուրս: Ընդ որում, չեղյալ է հայտարարվում եզրակացության ստացումը: Ցանկության դեպքում մասնագետները, նաեւ նրանց ընտանիքի անդամները կեցության իրավունք կստանան՝ շրջանցելով ժամանակավոր բնակության թույլտվության ստացումը: Եթե պայմանագրի ժամկետն անցնում է 186 օրը, բարձրակարգ մասնագետները ստանում է հարկային ռեզիդենտի կարգավիճակ:
Օրենքը թույլատրում է գործունեություն ծավալել մի քանի տարածաշրջաններում: Ըստ փաստաթղթի՝ բարձրակարգ մասնագետ է համարվում այն անձը, ով աշխատանքի փորձ, հմտություններ կամ ձեռքբերումներ ունի կոնկրետ ոլորտում, եթե նրա աշխատանքը թույլ է տալիս ՌԴ-ում ստանալ տարեկան 2 եւ ավելի միլիոն ռուբլի:
Արտոնություններ են սահմանվում նաեւ առանց վիզայի աշխատող ներգաղթյալների համար՝ տնային ծառայությունների, երեխաների դաստիարակության, հիվանդներ խնամելու, բնակարանների, առանձնատների վերանորոգման ոլորտներում: Նրանց համար դիմումը տալուց 10 օրվա ընթացքում արտոնագիր է տրվում 1000 ռուբլով: Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում մոտ 5000 մարդ դիմել է թույլտվության համար:
Հայերը Ռուսաստանում ավանդաբար աշխատում են շինարարության ոլորտում՝ 44,1 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 27,2 տոկոս, տրանսպորտի եւ կապի՝ 12,1 տոկոս: Հայերի 16,2 տոկոսը բնակվում է Մոսկվայում, 9,6 տոկոսը՝ Յակուտիայում, 7,6 տոկոսը՝ Սանկտ-Պետերբուրգում, 7 տոկոսը՝ Մոսկվայի մարզում, 4,6 տոկոսը՝ Կրասնոդարում:




























