Փարիզում հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի իշխանություններն ավելի են խստացնելու միգրացիոն քաղաքականությունը, սահմանափակելու են քաղաքացիների որոշակի իրավունքներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
«Ընդհանուր առմամբ որպեսզի նման դեպքերը չշարունակվեն, ուժայինների աշխատանքը կմեծանա եւ ավելի կկոշտանա: Այս դեպքից հետո ավելի կսերտանա համագործակցությունը տարբեր պետությունների միջեւ: Նաեւ ավելի կինտենսիվանա ժողովրդավարության անհրաժեշտության, ամրապնդման վերաբերյալ քաղաքացիական դիսկուրսը»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով` մուսուլմանական երկրներից հեռացած մարդիկ ադապտացվելու խնդիր ունեն, եվրոպական երկրները, սակայն, այս փաստն անտեսում են:
«Այդ մարդիկ չեն կարողանում ինտեգրվել իրենց համար նոր հասարակություններին, այդ պատճառով եվրոպական երկրները մեծ անելիք ունեն եւ թերանում են այս առումով: Գլխավոր խնդիրը հենց սա է»,- նշեց Էդգար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայում լույս տեսնող Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է խմբագրության 12 աշխատակից, այդ թվում թերթի խմբագիրը: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում էին ալժիրյան ծագմամբ երկու ֆրանսիացի՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները, որոնք էլ հունվարի 9-ին ոչնչացվել են:




























