Gamespot կայքի տվյալներով, Sony ընկերությունն ամբողջ թափով կգործարկի PlayStation Now ծառայությունը: Դա տեղի կունենա հունվարի 13-ին: Խաղային այս ծառայությունը Sony խաղային սարքերի, Xperia սմարթֆոնների եւ Smart TV գործառույթով հեռուստացույցնների համար է:
Օգտվողներին կներկայացվի վճարման երկու տարբերակ` 20 դոլար ամսավճար կամ 45 դոլար` երեք ամսվա համար, ինչն ավելի ձեռնտու է: Առայժմ չի հաղորդվում, թե ծառայությունը երբ հասանելի կլինի ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Ներկայում PlayStation Now-ն խաղացողներին առաջարկում է օգտվել ավելի քան 100 խաղ ներառող ցանկից: Դրանք PlayStation 3-ի խաղեր են, սակայն PS 4-ի տերերը կարող են օգտվել նախորդ սերնդի սարքերի համար ստեղծված նախագծերից:
Ըստ Informing-ի, ընկերությունը սրանով կանգ չի առնում: PlayStation Now-ի մարքեթինգի գծով տնօրեն Փիթեր Ջամշիդին նաեւ ասել է, որ PS1-ը եւ PS2-ը նույնպես ունեն հիանալի խաղեր, եւ ընկերությունը մտադիր է դրանք էլ ներկայացնել տվյալ ծառայությունում:
Նա, սակայն, չի հստակեցրել, թե դա երբ տեղի կունենա: Սկզբում Sony ընկերությունը պատրաստվում է կենտրոնանալ PlayStation 3-ի խաղերի վրա, սակայն հետո, հնարավոր է, մշակի նաեւ առավել հին խաղերը:




























