Փարիզում սկսվել է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված երթը: Ըստ ոստիկանության, երթին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նրանց հետ քաղաքի փողոցներով կանցնեն նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ շուրջ 50 պետությունների պատվիրակություններ:

Թափորում, որը երեք կիլոմետրանոց ճանապարհ կանցնի Հանրապետության հրապարակից մինչեւ Ազգերի հրապարակ, առաջինը կանցնեն զոհվածների ընտանիքների անդամները: Նրանք Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության լրագրողների, ոստիկանության սպաների, սուպերմարկետի այցելուների հարազատներն են, որոնք սպանվել են ահաբեկիչների ձեռքով: Երեք օրվա ընթացքում իսլամականները 17 մարդ են սպանել: Ահաբեկիչները ստացել են իրենց պատիժը, սակայն Ֆրանսիան ցնցած երեք օրերը խոր հետք են թողել հանրության մեջ:

«Ֆրանսիան համերաշխ է», «Ֆրանսիան չի զիջի». նման կոչեր են միավորել երկրի տարբեր դավանանքների եւ քաղաքական հոսանքների ներկայացուցիչներին: Համազգային երթի գաղափարը լայն սատարում է գտել:

Երկրի պատմության մեջ սա նման երկրորդ երթն է, որին անձամբ ներկա է հանրապետության նախագահը: Մինչ այդ, Ֆրանսուա Միտերանը քառորդ դար առաջ՝ 1990 թվականին, քայլել էր բողոքի մեկ այլ երթի մասնակիցների շարասյունում, որն ուղղված էր Կարպանտրասում հրեական գերեզմանները պղծելու դեմ: