Հնդկական Դհուբրի քաղաքում հայկական եկեղեցին առաջիկայում կվերականգնվի Կանանց ակումբի կողմից, հայտնում է «The Telegraph»-ը:
Եկեղեցին քաղաքի մշակութային ժառանգության 33 օբյեկտներից մեկն է եւ, ըստ ակումբի նախագահ Չանդանա Փոլ Չոուդհուրիի, ակումբը ցանկանում է այն պահպանել ցանկացած գնով:
«Միջոցներ հավաքելը դժվար է, սակայն կփորձենք մեր ուժերի սահմաններում անել ամեն ինչ` եկեղեցու վերականգնմանն ու դրանից ոչ հեռու հատուկ շինության կառուցմանն անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար, որտեղ աղքատ աղջիկներն ու կանայք տարբեր թրենինգների օգնությամբ կարող են ամրապնդել ինքնագնահատականը»:
Խմբագրության թղթակցի հետ զրույցում ծագումով Դհուբրիից, սակայն ներկայումս Կալկաթայում բնակվող հայտնի դրամագետ Սանքար Կումար Բոսեն ասել է, որ եկեղեցին, հավանաբար, կառուցվել է Օստ-հնդկական ընկերության կառավարման վերջում:
«Երեխա ժամանակ ես եկեղեցու ներսում վառվող լույսեր եմ տեսել: Եվրոպական համայնքի մարդիկ այցելում էին այնտեղ: Այժմ այն կիսավեր է եւ պետք է վերանորոգվի ու պահպանվի», - նշել է նա:
Դհուբրիի բնակիչները պահանջում են, որպեսզի նահանգի կառավարությունը պահպանի եկեղեցին եւ քաղաքի մշակութային այլ հուշարձանները: Հակառակ դեպքում նահանգի փառավոր պատմությունը կկորսվի ժամանակի ընթացքում:
Կանանց ակումբը հիմնադրվել է 1935թ.՝ Դհուբրիի եվրոպացի որոշ բնակիչների կողմից:



























