Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներից շատերն այս ամառ չեն մեկնի արտասահման՝ հարմարավետ, եւ ինչու չէ՝ նաեւ էկզոտիկ, թանկ ու շքեղ հանգստի վայրեր: Պատճառը, ինչպես NEWS.am-ը պարզեց նրանց հետ զրույցում, ոչ թե փողի ու ցանկության պակասն է, այլ զբաղվածությունը. կիսատ գործեր ունեն, պիտի հասցնեն ամռանն ավարտին հասցնել: Այդ է պատճառը, որ այս ամառ նրանք կանցկացնեն կա՛մ մայրաքաղաքում, կա՛մ էլ Հայաստանի մյուս բնակավայրերում` այսպիսով ակամա նպաստելով Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը:
Հանգիստը Հայաստանում կազմակերպել պատրաստվող քաղաքական այրերը հիմնականում նախընտրում են մեկնել Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան, նաեւ՝ Արցախ: Եթե նկատի ունենանք, որ զբոսաշրջության կենտրոններ համարվող այդ վայրերում հանգստի հետ կապված ամեն ինչ՝ հյուրանոցները, իջեւանատները, անգամ՝ բնությունը սեփականաշնորհված են մեկ-երկու հոգու կողմից, ապա կարելի է եզրակացնել, թե ինչո՞ւ են հենց այդ քաղաքները համարվում նախընտրելի հայ օլրիգարխիայի համար: «Մեր վրա էլ ա պլան դրված, պիտի անպայման իրենց օբյեկտներ գնանք հանգստանալու»,- անկեղծացավ գործարար պատգամավորներից մեկը:
Ի դեպ, այս ամառ, չգիտես ինչու, կապուտակ Սեւանը պատգամավորներին չի ձգում, չնայած Հայաստանի եզակի ջրային ավազանը եւս սեփականատեր, ավելի ճիշտ՝ սեփականատերեր ունի, որոնք հարկավ ակնկալում են փող աշխատել՝ նաեւ «պլան կատարողների» հաշվին: Ինչեւէ:
Եւ այսպես, պարզեցինք, որ հայրենի օրենսդիրները պատրաստվում են արձակուրդի մեկնել մեկ-երկու շաբաթից:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, մինչեւ օգոստոսի 15-ը կլինի Երեւանում կամ Վանաձորում: Իսկ 15-ից հետո հավանաբար կմեկնի Ծաղկաձոր: «Չեմ բացառում նաեւ, որ հանգիստս կանցկացնեմ Վրաստանի Ուռեկի բնակավայրում՝ Սեւ ծովի ափին»,- նշեց պատգամավորը: Դալլաքյանը հանգստի կմեկնի ոչ թե միայնակ, այլ ընտանյոք հանդերձ: Իսկ ինչքա՞ն գումար է նախատեսել հանգիստը կազմակերպելու համար: «Սովորաբար մենք մեր հաշվարկները կատարում ենք մեր վերմակի չափով, եւ հանգիստը մեզ համար ավելի շատ միասին ժամանակ անցկացնելու մի ձեւ է եւ ավելորդ ճոխություններ մեզ թույլ չենք տալիս: Համենայնդեպս, ես, կինս, տղաս ու հարսս աշխատում ենք, եւ մեր միջոցները հնարավորություն են տալիս հանգիստը նորմալ կազմակերպելու համար»,- ի պատասխան ասաց Դալլաքյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Աբրահամյանը՝ Արա Աբրահամյանի եղբայրը, այս ամառ որեւէ տեղ չի մեկնելու հանգստանալու, լինելու է Երեւանում: Ինչ է, հոգնած չե՞ք՝ հարցին, պատգամավորը արձագանքեց. «Չէ, ես չեմ հոգնում, ես մեծ էներգիա ունեմ իմ մեջ»: Իսկ հանգստի չի մեկնում, քանի որ «անձնական հարցեր կան, որոնք լուծելու համար պետք է գտնվի Հայաստանում»: Գագիկ Աբրահամյանը նշեց, որ շատ քիչ է մեկնում հանգստի, իսկ նախորդ տարիներին, երբ դեռ պատգամավոր չէր, տարվա կեսը աշխատանքի բերումով անցկացնում էր արտասահմանում:
«Այնպես որ, արտասահման մեկնելը ինձ համար ինքնանպատակ չէ»,- նշեց պատգամավորը: Ի դեպ, 2002-2004 թվականներին նա Կորեայի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոսն էր ու աշխարհի տարբեր երկրներում շրջագայության հարուստ փորձ ունի:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը եւս հանգիստը կանցկացնի Հայաստանում: «Գործ ունեմ նաեւ Բաթումում, եւ եթե գնամ-գամ, դա կլինի նաեւ հանգիստ»,- նշեց Բադալյանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Աշոտ Տոնոյանը գործերի բերումով այս ամառ չի բացակայի հանրապետությունից. կլինի Երեւանում, իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Ղազարյանը՝ «Վեդի ալկո»-ի սեփականատերը, հանգստի կմեկնի հուլիսի վերջին: Արձակուրդի մի մասը կանցկացնի Հայաստանում՝ Արարատում կամ Վայոց Ձորում, մյուս մասն էլ Հունաստանում: Պարոն Ղազարյանը սովորաբար հանգստանալու է մեկնում ընտանիքով՝ մեկ-երկու շաբաթով: Թե ինչքա՞ն գումար է հատկացնելու՝ Հունաստանում արեւային լոգանքներ ընդունելու համար՝ չասաց, միայն նշեց, որ այնքան գումար է հատկացրել, «որ հնարավոր լինի նորմալ հանգիստ կազմակերպել»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցին, թե որտեղ է մեկնելու հանգստի, այսպես արձագանքեց. «Գործերս խառն են, հլը չեմ որոշել։ Հանգստի կմեկնեմ այն ժամանակ, երբ փող կճարեմ»,-հայտարարեց Հայաստանի թիվ մեկ հարկատու, մեկ տասնյակից ավելի ապրանքների խոշոր ներմուծող Ալեքսանյանը: «Կախված, թե ինչքանով կֆինանսավորեք, ընդեղ էլ կգնամ»,- իրեն հատուկ ոճով ասաց օլիգարխ պատգամավորը: Նա չմոռացավ ավելացնել, որ մտադիր է հանգստի մեկնել ընտանիքով՝ ակնարկելով, որ ընտանիքի անդամների համար եւս ֆինանսներ հայթայթենք: «Հա, բա հո յոթ երեխեքիս չե՞մ թողնելու մենակ»,- դեռ մի բան էլ դժգոհեց պատգամավորը:
Մնում է՝ ֆինանսների հարցը լուծենք, թե չէ պարոն Ալեքսանյանը մեզ կմեղադրի գթառատության պակասի մեջ:
Պատրաստեց Հեղինե Մանուկյանը



























