Հայտնի կինոդերասանուհի Կլաուդիա Կարդինալեի համար իր կյանքում խաղացած կարեւորագույն դերերը եղել է Ֆելինիի «Ութ ու կեսը» , Վիսկոնիտիի «Ընձառյուծը», Ձուլինիի «Ճամպրուկով աղջիկը» , Կոմենչինիի «Բուբեի հարսնացուն» ֆիլմերում։ Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ինքը՝ հանրահայտ դերասանուհին։ Նա նշեց, որ ի սկզբանե չի ցանկացել նկարահանվել ֆիլմերում։
«Սակայն որքան շատ էի մերժում ֆիլմերում նկարահանվելու առաջարկները, այնքան շատ էին պրոդյուսերները պնդում, որ ես նկարահանվեմ։ Դա նման է տղամարդու եւ կնոջ հարաբերությունների, եթե միանգամից այո ասես, կհիասթափվի եւ կհեռանա»,- նշեց նա։
Ներկայումս Կարդինալեն շարունակում է նկարահանվել մի շարք ֆիլմերում։ Վերջերս Ֆրանսիայում էկրան է բարձրացել նրա մասնակցությամբ նոր ֆիլմ։ Ստամբուլում նա նկարահանվել է թուրք ռեժիսորի ֆիլմում, որը վերջինիս առաջին գործն է եղել եւ նվիրված է Ֆելինիին։
Կարդինալեն նշեց, որ բազմաթիվ ծրագրեր եւ առաջարկներ կան Նյու Յորքում եւ Իսպանիայում։
Նա հասարակական ակտիվություն է ցուցաբերում ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, բարեգործական միջոցառումներ կազմակերպում շրջակա միջավայրի պահպանության համար։




























