Այսօր՝ հունվարի 12-ին Ցյուրիխում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը: «Ballon d'Or»-ը հանձնվում է 1956-ից «France Football»-ի կողմից: 2010-ից «France Football»-ի և ՖԻՖԱ-ի մրցանակաները միավորվեցին և այժմ տարվա լավագոււն ֆուտբոլիստը ստանում է «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակը»:
2014-ի լավագուն ֆուտբոլիստ ճանաչվելու համար պայքարում են երեք մարզիկ` Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Մանուել Նոյերը: Փորձենք տեսնել, թե ո՞ր ֆուտբոլիստ է իսկապես ավելի արժանի բաղձալի տիտղոսին:
Բուքմեյքերների կարծիքով այս տարի, ինչպես և նախորդ անգամ, «Ոսկե գնդակը» բաժին է հասնելու Ռոնալդուին: Պորտուգալացու համար տարին կարելի է ասել, հաջող էր: «Ռեալը» իրականացրեց իր միլիոնավոր երկրպագուների երազանքը՝ տասներորդ անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող: Ռոնադլուն Պրեմիերայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է, իսկ ընթացիկ առաջնությունում ցուցադրում է ֆանտաստիկ արդյունք և ամենայն հավանականությամբ այս անգամ ևս լավագույն ռմբարկուն կլինի նա: Ռոնալդուն այս տարի սահմանեց նաև տարբեր ռեկորդներ: Օրինակ, դարձավ Իսպանիայի առաջնությունում ամենից շատ հեթ-թրիկ ձևակերպած ֆուտբոլիստը: Ռոնադլուն 2007-ից մշտապես մտնում է «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակի մեջ: Մշտապես կատարելագործում է իր խաղը և հետընթաց դեռ չի գրանցել:
Ռոնալդուին դեմ խոսում է միայն այն փաստը, որ Պորտուգալիայի հավաքականը ձախողեց ԱԱ-2014 ՝չկարողանալով հաղթահարել անգամ խմբային փուլը:
Լիոնել Մեսսիի հետ Արգենտինայի հավաքականն այս տարի 24 տարվա դադարից հետո կրկին հայտնվեց Աշխարհի առաջնության եզրափակչում: Արգենտիան շատ մոտ էր չեմպիոնությանը, սակայն լրացուցիչ ժամանակում գնդակ բաց թողեց: Մեսսին ճանաչվեց առաջնության լավագոյն ֆուտբոլիստ: 2014-ին Մեսսին դարձավ Պրիմերայի պատմության լավագույն ռմբարկուն՝ անցնելով Տելմո Սարային, ով խփել է 251 գնդակ: Մի քանի օր անց էլ Մեսսին գերազանցեց նաև Ռաուլի ռեկորդը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն:
Մեսսիի դեմ խոսում է միայն այն փաստը, որ «Բարսելոնան» այս տարի ոչ մի նվաճում չունեցավ, իսկ նրա ռեկորդները սահմանվեցին նոյեմբերի վերջին, երբ քվեարկությունն արդեն ավարտված էր:
Մանուել Նոյերը, այն մարդը է, ով այս տարի փոխարինեց Ֆրանկ Ռիբերիին: Ռոնալդու – Մեսսի հավերժ դիմակայության կողքին երրորդ անձը միշտ ստվերում է մնում: Սակայն շատ մասնագետների կարծիքով այս տարի հենց Նոյերը պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը, չնայած նրա հնարավորություններն ամենից ցածրն են գնահատում բուքմեյքերները: Նոյերն, անխոս այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է: Անցյալ տարի նա «Բավարիայի» հետ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Այս տարի՝ Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, իսկ ամենից կարևոր մրցանակը, իհարկե, Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալն էր: Նոյերը դարձավ նաև ԱԱ-ի «Ոսկե ձեռնոց» մրցանակի տեր՝ որպես առաջնության լավագույն դարպասապահ: Եվ իրոք, Գերմանիայի հավաքականը հաղթեց նաև Նոյերի փայլուն խաղի շնորհիվ: Նայերը փորձում է ստեղծել դարպասապահի խաղի նոր ոճ: Աշխարհի առաջնությունում նա ցույց տվեց, թե որքան հաջող կարող է հանդես գալ` և որպես պաշտպան և կիսապաշտպան: Նա միանում է թիմի գրոհներին, հիանալի խաղում է ոտքերով և ունի արտակարգ ռեակցիա: Գերմանացու գլխավոր խաղաքարտերից մեկն էլ այն է, որ բոլորն անդադար շեշտում են, որ բավական է լավագուն ֆուտբոլիստ ճանաչել Մեսսի-Ռոնալդու զույգից մեկին: Այդ կարծիքի է նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Նոյերի դեմ է այն փաստը, որ Լև Յաշինից հետո ոչ մի դարպասապահ այդպես էլ չկարողացավ դառնալ տարվա լավագույն ֆուտբոլիստ, անգամ Կասիլիասն ու Բուֆֆոնն իրենց լավագույն տարիներին, երբ նվաճեցին բազմաթիվ մրցանակներ: Բացի այդ Նոյերը պայքարում է ոչ թե լավագույն ֆուտբոլիստների՝ այլ այլմոլորակայինների հետ: Դա փաստ է, որը բոլորն ընդունում են:
Ամեն դեպքում, ով էլ հաղթի, կլինեն դժգոհություններ: Մի քանի ժամից մենք կիմանանք Մեսսի՞ն հինգերորդ անգամ կլինի լավագույնը, Ռոնալդո՞ւն երրորդ, թե՞ Նոյերն առաջին անգամ իր կարիերայում և կհանի բոլոր դարպասապահների վրեժը:
Վերա Մարտիրոսյան




























