Հայաստանի արտգործնախարարությունում հուլիսի 12-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների պատվին տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել կինոփառատոնին մասնակցելու նպատակով ժամանած բազմաթիվ հյուրեր, «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերի թվում են եղել համաշխարհային կինոարվեստի հռչակավոր ներկայացուցիչներ Ալեն Թերզյանը, Ատոմ Էգոյանը եւ Կլաուդիա Կարդինալեն:
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր ավանդույթներն ու աշխարհագրությունը Երեւանում հավաքելով աշխարհի ավելի ու ավելի մեծ թվով երկրներից ժամանած արվեստագետների, որոնք թեեւ խոսում են տարբեր լեզուներով, բայց հաղորդակցվում են նույն՝ կինոյի լեզվով, որն իր մեջ պարունակում է հզոր համախմբող եւ մերձեցնող ուժ»,- իր խոսքում նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը եւ հավելել. «Երբ գալիս է «Ոսկե ծիրանը», փառատոնը մեծ խանդավառությամբ է ընդունվում Հայաստանում եւ իսկապես տոն է մեզ բոլորիս համար։
Մաղթում եմ, որ կինոարվեստի յոթերորդ Երեւանյան փառատոնը մնա ձեր հիշողության մեջ՝ որպես տոն, որը միշտ մեզ հետ է»:



























