Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի մի քանի տասնյակ հարազատների եւ դեպքի վայրում աշխատող ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, երբ հարազատները փորձել են մտնել տուն եւ տեսնել մահացածների մարմինները: Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները հարազատներին չեն թույլատրել տուն մտնել ` բացատրելով, որ ներսում քննչական գործողություններ են ընթանում: Չկարողանալով համոզել հարազատներին՝ ոստիկանները նրանց հրելով հեռացրել են տան մոտից:
Սպանվածների հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է եւ նրանց համար «Շտապօգնություն» են կանչել:
Նշենք, որ մահացածների մարմինները դեռ դուրս չեն բերել տնից։ Ներսում դեռ քննչական գործողություններ են ընթանում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:











