Ռուսական կողմը քրեական գործ է հարուցել Գյումրիում 6 մարդուց բաղկացած ընտանիքի անդամների սպանության փաստի առթիվ:

NEWS.am-ի տեղեկություններով քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ դասալքություն եւ սպանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը Գյումրիում ռուսական ռազմակայանում ծառայող զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Առկա տվյալներով, հանցագործությունը չի կրել կողոպուտի նպտակ, քանի որ սպանվածների ոսկեղենը մնացել է նրանց մոտ: