Նավթի համաշխարհային գների անկումը նախաձեռնած երկրները կզղջան այդ որոշման համար եւ դրա բացասական հետեւանքները կզգան այնպես, ինչպես Իրանը, հայտարարել է իսլամական պետության նախագահ Հասան Ռոհանին:

«Նրանք, ովքեր ծրագրել էին նավթի  գների անկումը, կզղջան այդ որոշման համար:  Եթե Իրանը տուժում է նավթի գների նվազումից, իմացեք, որ նավթարդյունահանող մյուս երկրները եւս, ինչպես Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը, Իրանից ավելի կտուժեն», — ասել է Ռոհանին, որի խոսքերը մեջբերում է «Ռեյթերը»:

Ամառվա սկզբից նավթի գները նվազել են 50%-ով: Ըստ վերլուծաբանների՝ պատճառը շուկայում հումքի գերավելցուկն է: OPEC-ի երկրների՝ նավթի արդյունահանումը նույն մակարդակում թողնելու որոշումն ուժեղացրեց գների անկումը: 

OPEC-ի համար շուկայում հիմնական մրցակիցը, ըստ նավթային կարտելի անդամների, ԱՄՆ-ն է, որը վերջին տարիներին կտրուկ ավելացրել է թերթաքարային նավթի արդյունահանումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սակայն, չնայած նավթի գների շարունակական նվազմանը, OPEC-ի շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանումը: