Իրանի Սալմաստի շրջանի նախկինում հայաբնակ Փայաջուկ գյուղի հայերի գերեզմանները ենթարկվում են գանձագողերի հարձակումներին։

Պարսկաստանի հայկական հոգեւոր ու մշակույթային օջախներ այցելած հայաստանցի ուխտավորների խումբը Սալմաստ գավառի նախկինում հայաբնակ Փայաջուկ գյուղի գերեզմանոցում տեսածից բավականին տխրել է, քանի որ ոսկի կամ գանձեր գտնելու հույսով անհայտ անձիք քանդել եւ պղծել էին թաղված հայերի գերեզմանները։  Թեեւ հայկական գերեզմանատունը հսկում էին բազմաթիվ հայկական գամփռներ, դա չի խանգարել գանձագողերին անել իրենց սեւ գործը։

Հայաստանցի ուխտավորներն իրենց մտահոգությունը կիսել են տեղի տուրիստական գործակալությունների տնօրենների հետ։ Տեղի տուրիստական ոլորտի պատասխանատուները նշել են, թե իրենք եւս ցավում են, որ նման բան է տեղի ունենում եւ խոստացել տեղի ունեցածի մասին հայտնել Իրանի մշակույթի նախարարություն եւ խնդրել գերեզմանի պահպանման համար միջոցներ ձեռնարկել։

Նշենք, որ Սալմաստի Փայաջուկ գյուղում է ծնվել հայ մեծ գրող Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան)։ Փայաջուկի հայկական գերեզմանատանը թաղված են նաեւ Րաֆֆիի բազմաթիվ ազգականներ։

Նախկինում ամբողջովին հայաբնակ Փայաջուկում հիմա ընդամենը մեկ հայ ընտանիք է մնացել։

Լուսանկարները՝ Անուշ Դրամփյանի