Գյումրեցի ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում ընթացող ակցիայի մասնակիցները համաձայնության են եկել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ՝ փոխել ավտոերթի երթուղին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի հազարավոր մասնակիցները վճռել էին քայլերթով հասնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա: Ոստիկանները փակել էին ռազմաբազա տանող՝ Հաղթանակի պողոտան եւ բացեցին այն միայն այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ընդունեցին Շիրակի ոստիկանապետի առաջարկը՝ հասնել մինչեւ ռազմաբազայի տարածքին մոտ գտնվող՝ Գյումրու տեխնոպարկի մոտ:
Այնուամենայնիվ, երթի մասնակիցները շարժվեցին դեպի ռազմաբազա, որտեղ ոստիկանները նրանց թույլ չտվեցին 250 մետրից մոտ գնալ։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են «ամոթ», եւ պահանջում, որպեսզի ոստիկաններն իրենց թույլ տան առաջ գնալ եւ «ցույց տալ ռուսներին, որ մենք էշ չենք»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:
































