Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը հանդես է եկել Գյումրիի ողբերգության վերաբերյալ հայտարարությամբ:
«Հայաստանի Հանրապետության հարգարժան քաղաքացիներ: 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված են ահավոր ողբերգությունից: Բոլորս միասին սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհերի հարազատներին եւ մերձավորներին:
Հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը բազմաթիվ փորձությունների միջով է անցել եւ թուրքական պատերազմների, եւ սարսափելի բնական աղետների ժամանակ: Հիմա եկել է եւս մեկ փորձության ժամանակը: Անձինք, որոնք նման հանցագործություն են գործել, ազգություն չունենա: Հավաստիացնում եմ բոլորին, որ այդ սարսափելի հանցագործությունը կատարողը ամենախիստ պատժի կարժանանա: Ներկայումս Հայաստանի ու Ռուսաստանի քնչչական մարմինները այդ անմարդկային հանցագործության համատեղ օբյեկտիվ ու համակողմանի հետաքննություն են իրականացնում:
Ռազմակայանի հրամանատարությունը բազմակողմանի օգնություն կտրամադրի զոհերի հարազատներին: Մենք ակնկալում ենք ձեր ըմբռնումը եւ աջակցությունը:
Միայն թիկունք թիկունքի մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»,-հայտարարել է Ալեքսեյ Պոլյուխովիչը, հաղորդում է «Ցայգ» հեռուստաալիքը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:











