Հայաստանի ազգաբնակչությունը պետք է սեփական միջոցներով հոգա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ամառային հանգստի ծախսերը: Այս առաջարկն է արել «Չորրոդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի համարում՝ անդրադառնալով NEWS.am-ի հուլիսի 12-ի հրապարակումներից մեկին, որում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել էր, թե իր՝ ընտանյոք հանդերձ ամառային հանգստի մեկնելը կախված է այն բանից, թե որքանո՞վ իրեն կֆինանսավորի NEWS.am-ը:

«ՀՀ ազգաբնակչությունն իսկապես պարտավոր է ավելի հոգատար լինել սեփական օրենսդիրների նկատմամբ: Պատկերացրեք՝ դրա համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի: Եթե 3 միլիոն հայաստանցիներից յուրաքանչյուրն օրական ընդամենը մեկ դրամ փոխանցի օրենսդրական մտքի այդ տիտանին, վերջինս կկարողանա պատշաճ ձեւով կազմակերպել իր հանգիստը, ինչն էլ իր հերթին էապես կանդրադառնա խորհրդարանի հետագա գործունեության վրա: Այնպես որ, ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում անպայման արձագանքել այս նախաձեռնությանը ու ծայրահեղ դեպքում գոնե օրական մի-մի բաժակ ավելի սուրճ խմել (անպայման շաքարով): Դա, հավատացնում ենք, պատգամավորին կօգնի լուծել ամառային հանգստի խնդիրը»,-առաջարկում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոր հարկատու Սամվել Ալեքսանյանը NEWS.am-ի հարցին, թե որտե՞ղ է մեկնելու հանգստի, արձագանքել էր. «Գործերս խառն են, հլը չեմ որոշել։ Հանգստի կմեկնեմ այն ժամանակ, երբ փող կճարեմ», ապա հավելել էր. «Կախված, թե ինչքանով կֆինանսավորեք, ընդեղ էլ կգնամ»: Սամվել Ալեքսանյանը նշել էր նաեւ, որ մտադիր է հանգստի մեկնել  ընտանիքով՝ ակնարկելով, որ ընտանիքի անդամների համար եւս ֆինանսներ հայթայթենք: «Հա, բա հո յոթ երեխեքիս չե՞մ թողնելու մենակ»,-դժգոհել էր  պատգամավորը։