Թեհրանի Մուլավի փողոցում անցկացված հնագիտական պեղումները ստիպել են վերանայել Իրանի մայրաքաղաքի պատմությունը: Նախկինում համարվում էր, որ մարդիկ այդ վայրերում բնակություն են հաստատել 3 հազար տարի առաջ: Սակայն Թեհրանի շուկայի տարածքում հայտնաբերված կմախքը գիտնականներն ավելի հին են համարում. այն թվագրվում է մ.թ.ա. V հազարամյակով:
«Այս գտածոն բացառիկ է, քանի որ ապացուցում է, որ 7 հազար տարի առաջ մարդիկ են ապրել այն վայրում, որտեղ հիմա Թեհրան քաղաքն է»,- պատմել է հնագիտական խմբի ղեկավար Մոհամմադ Էսմայիլ Էսմայիլի Ջոլուդարը:
Կմախքը Թեհրանում երբեւէ հայտնաբերված ամենահին գտածոն է: Ըստ «Իմ մոլորակը» պարբերականի, հետաքրքիր է, որ Թեհրանում պեղումները սկսվել են այն բանից հետո, երբ հնագիտական ինստիտուտի մի ուսանողուհի Մշակութային ժառանգության կազմակերպություն մի քանի կավե իր է բերել, որոնք պատահաբար հայտնաբերել է Մուլավի փողոցի կոյուղաջրերում:
Նրա հայտնագործությունը հետաքրքրել է հնագետներին, ինչից հետո այնտեղ պեղումներ են սկսել եւ հնագույն մարդու կմախք, ինչպես նաեւ արժեքավոր այլ գտածոներ են հայտնաբերել:
Հնագիտական պեղումների ղեկավարը հայտարարել է, որ հետազոտությունների արդյունքում հայտնաբերված կմախքն ուղարկվելու է Իրանի ազգային թանգարան եւ ցուցադրվելու է հանրությանը:




























