Project Ara մոդուլային սմարթֆոնը վաճառքի կհանվի այս տարեվերջին: Այս մասին հաղորդում է Engadet-ը: Google կորպորացիան մտադիր է հեռախոսի թեստավորման ծրագիրը թողարկել Պուերտո Ռիկոյում, որպեսզի հետադարձ կապ ստանա օգտատերերից:
Project Ara-ի ղեկավար Փոլ Երեմենկոն թեստավորման ծրագրի մասին պատմել է Module Developers Conference համաժողովի ժամանակ: Նա ընդգծել է, որ խոսքը փորձնական ծրագրի մասին է, այլ ոչ թե սարքի պաշտոնական թողարկման:
«Մենք բազմաթիվ հարցեր ունենք, բայց չենք կարողանա դրանց պատասխանել, մինչեւ սարքն անմիջապես օգտատերերին չփոխանցենք»,- ծրագրի ղեկավարի խոսքերն է մեջբերում Gazeta-ն:
Երեմենկոն նաեւ ցուցադրել է երկրորդ սերնդի Spiral 2 սմարթֆոնի նախատիպը: Այն 4.5 մատնաչափ էկրան ունի, 5 ՄՊ հզորությամբ խցիկ, Wi-Fi եւ Bluetooth, 3G եւ այլն: Բացի այդ, ըստ ընտրության՝ հասանելի են երկու պրոցեսորներ. Marvell PXA 1928 կամ Nvidia Tegra K1:




























