Պերմյակովը Գյումրիում է, մենք մեր աչքերով տեսել ենք: Այդ մասին Գյումրիում դատախազության դիմաց հավաքված բազմության առջեւ հայտարարեց ԱԺ գյումրեցի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ակտիվիստներից մեկի` Կարեն Պետրոսյանի հետ, նոր է վերադարձել 102-րդ ռազմաբազայից, որտեղ գտնվում է սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը:
Պատգամավորը վստահեցրեց, որ զինծառայողը գտնվում է ռազմաբազայում եւ հորդորեց գյումրեցիներին գնալ տուն. «Կասկածի բան չկա, մենք անձամբ այդ խցիկը չենք էլ մտել, խցիկի փոքր անցքից տեսել ենք այդ ոճրագործին, մեզ թույլատրել են գնալ խցիկ, իրան տեսել ենք, ես էլ եմ տեսել, Կարենն էլ, դեմքը տեսել ենք, էդ ոչխարն էր` հաստատ: Մեզ ուղեկցել են, տեսել ենք էդ վիժվածքին: Մենք նկարահանելու խնդիր չէինք դրել, դրա համար էլ չենք նկարահանել»:
Մինչդեռ գյումրեցիները չեն շտապում հեռանալ՝ պահանջելով, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմի ռուսաստանցի իր գործընկերոջը եւ ներկայացնելով ՀՀ քաղաքացիների պահանջը՝ խնդրի, որ ՌԴ կողմը մեղադրյալին հանձնի ՀՀ իրավապահներին:











