Իրանական միջուկային ծրագիրը «միջազգային լուծում է պահանջում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
«Մենք նախկինի նման տեսնում ենք, որ Իրանը մոտենում է մի կետի, ուր քաղաքացիական եւ ռազմական ծրագրերի միջեւ տարբերությունները ջնջվում են»,-ասել է Քրոուլին։ Նրա խոսքով, ԱՄՆ «մտավախություն ունի, որ Իրանը ինչ-որ պահի միջուկային զենք կստանա»։
«ԱՄՆ անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հետաձգի կամ կանխի իրադարձությունների նմանօրինակ զարգացումը։ Նման կերպ պետք է վարվի նաեւ միջազգային հանրությունը»,- Քրոուլիի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 9-ին կողմ էր քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւին։ Դրան կողմ էին եղել Անվտանգության խորհրդի 12 անդամներ, Թուրքիան եւ Բրազիլիան դեմ էին արտահայտվել, Լիբանանը ձեռնպահ էր մնացել։




























